Ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում. արևելագետ

19:55, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական Սու -24 ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները վերջին 25 տարվա կտրվածքով գտնվում են ամենացածր մակարդակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը:

«Եղել են որոշակի խնդիրներ, մրցակցային հարաբերություններ, բայց նման աստիճանի, կարելի է ասել՝ նախապատերազմական վիճակ դեռ չէր եղել: Վերջին զարգացումներում  Ռուսաստանի «թիկունքից հարված ստացանք Թուրքիայից»  արտահայտությունն էր խորհրդանշական: Սա բացահայտեց մի իրողություն, որ Ռուսաստանը դադրել էր Թուրքիային նայել ռազմավարական,աշխարհաքաղաքական տեսանկյունից»,- նշեց նա: 

Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները, ըստ արևելագետի, տեղափոխել էր տնտեսական ոլորտ և այդ երկիրն ընկալում էր որպես բիզնես գործընկեր՝ մոռանալով աշխարհաքաղաքական շահերի հնարավորություները: Այս ամենը հիշեցնում է հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարթությունը:

«Մեզ միշտ անհանգստացնում էր, թե  ինչու է Ռուսաստանը  զենք վաճառում Ադրբեջանին: Մեզ պատասխանում  էին, որ սա բիզնես է, ոչ մի կապ չունի ռազմավարական, աշխարհաքաղաքական զարգացումների հետ:  Նույն տրամաբանությունը իրենք դրել էին Թուրքիայի հետ հարաբերություններում,  և դա է պատճառը, որ նման զարմանք ապրեցին, երբ ստացան հարված Թուրքիայից»,- ասաց արևելագետը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կհասկանա, որ Թուրքիային պետք է առաջին հերթին նայել աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլ ոչ թե տնտեսական կամ ֆինանսական բիզնես շահերի:


© 2009 ARMENPRESS.am