Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ

17:57, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու` Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին: 

Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը:

Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար:

Խնդրում եմ ընդունել իմ խորը ցավակցությունը՝ Ձեզ և Ձեր ընտանիքին պատուհասած վշտի կապակցությամբ»: 


© 2009 ARMENPRESS.am