Էրդողանը հարվածի տակ դրեց Թուրքիայի տնտեսությունը. Պուշկով

17:19, 29 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գործողություններով, որոնց հետևեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարվածի տակ դրեց իր երկրի տնտեսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման տեսակետ է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

«Այդ հրամանագիրը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Էրդողանն առաջին հերթին վնասեց իր երկրի տնտեսությանը: Թուրքիան հատուկ կարգավիճակ ուներ Ռուսաստանում»,-ասել է Պուշկովը: Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված միջոցները Թուրքիային հարվածելու են չորս ուղղությամբ: Ամենաառաջինը` զբոսաշրջությանը, քանի որ ռուս զբոսաշրջիկները տեղական բյուջեն հարստացնում էին մոտ չորս միլիարդ դոլարով:

Պուշկովն ավելացրել է, որ թուրքական ընկերությունները, որոնք պայմանագրեր էին ստորագրում Ռուսաստանում, մեծ եկամուտներ ունեին: Միաժամանակ պատժամիջոցներն ազդելու են նաև այն ընկերությունների գործունեության վրա, որոնք հիմնվում էին դեպի ՌԴ արտահանման վրա: «Դա թուրքական տնտեսության զգալի մասն էր կազմում, քանի որ Թուրքիան ՌԴ-ի համար առևտրատնտեսական հարաբերությունների առումով հիգերորդ գործընկերն էր: Նախորդ տարի ապրանքաշրջանառությունը կազմում էր 30 մլրդ դոլար, և դա, իհարկե, լուրջ հարված է այդ ընկերություններին»,-ընդգծել է Պուշկովը:  


© 2009 ARMENPRESS.am