Էրդողանը չի ցանկանում, որ ինքնաթիռի խոցման միջադեպը երկկողմ հարաբերությունները տանի վատթարացման

17:15, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալըքեսիրում ելույթի ժամանակ անդրադարձել է թուրքական կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպին` հույս հայտնելով, որ խնդիրը շուտափույթ լուծում կունենա և չի տանի հարաբերությունների վատթարացման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV-ն:

«Մենք չենք ցանկանում, որ մեր և Ռուսաստանի միջև ծագած այս միջադեպն ավելի մեծանա ու ապագայի համար ցավալի հետևանքների հանգեցնի: Մենք հորդորում ենք Ռուսաստանին խնդիրը կարգավորել ինքներս մեր միջև և հասնել լուծման: Չուրախացնենք ոչ ոքի` հասցնելով խնդիրը մի վիճակի, որը կվնասի մեր հարաբերութուններին: Կարծում եմ, որ Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովը հարմար առիթ է հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Էրդողանը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորությանվրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքումռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել էՌուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:


© 2009 ARMENPRESS.am