Գիտամշակութային կամուրջ է գցվում Երևանի Մատենադարանի և Ռուսաստանի ազգային գրադարանի միջև

16:21, 28 Նոյեմբեր, 2015

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ազգային գրադարանի ղեկավարության հրավերով  Սանկտ Պետերբուրգում հյուրնկալվող Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի տնօրեն  Հրաչյա Թամրազյանը նոյեմբերի 27-ին հանդիպում է ունեցել գրադարանի գիտաշխատողների, ընթերցողների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հյուրին ներկայացրեց և հանդիպման մասնակիցներին նրա աշխատանքային ու ստեղծագործական գործունեությանը ծանոթացրեց գրադարանի տնօրեն Անտոն   Լիխոմանովը: «Մենք համագործակցության կամուրջ ենք գցում աշխարհում մեծ համբավ ունեցող Մատենադարանի և Ռուսաստանի Ազգային գրադարանի միջև»,-ասաց նա:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը պատմեց Մատենադարանի հիմնադրման, այնտեղ պահվող արժեքավոր ձեռագրերի, գիտահետազոտական աշխատանների, միջազգային կապերի մասին և պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Հյուրը իր հետ բերել էր Մատենադարանի մասին հրատարակված նոր գքերի օրինակներ և գիտական արժեքավոր հետազոտություններ պարունակող աշխատություններ:

Յուրի Կարապետյան


© 2009 ARMENPRESS.am