Հանրապետության Նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

13:43, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գլխավոր դատախազը երկրի ղեկավարին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը և իրենց դիրքորոշումը արտահայտելուն որևէ ապօրինի միջամտության վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանքելու նպատակով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հանրաքվեի բնականոն ընթացքը ապահովելու համար դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պետք է օպերատիվ արձագանքի անձանց ընտրական իրավունքի իրացմանը ցանկացած ապօրինի միջամտությանը և պատշաճ հսկողություն սահմանի ընտրական իրավունքի իրացման ողջ գործընթացի օրինականության նկատմամբ:


© 2009 ARMENPRESS.am