«Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետի սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է

20:00, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Մ.Պողոսյանին՝  «Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետ  Հ.Աթանյանի  սպանության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա նոյեմբերի 26-ին Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը քննիչը միջնորդություն  է ներկայացրել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝  նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննության շահերից ելնելով՝ քրեական գործով պարզված հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am