Երևանի Վ. Բրյուսովի 66 հասցեի վթարային շենքի վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ

10:27, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով  4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը` քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով. այսինքն` առկա բնակարանների սենյակների թվի մակերեսին համապատասխան և երբեմն ավելին:

Վ. Բրյուսովի 66 հասցեում տեղակայված 4-րդ կարգի վթարային շենքում դեռ բնակվող ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկվել է վերաբնակեցնել Շինարարների 6/1 նորակառույց շենքում: Հաջորդ քննարկման ժամանակ կհստակեցվի այն ընտանիքների թիվը, որոնք տվել են հենց այդ շենքում վերաբնակվելու համաձայնություն, ինչին կհաջորդի փաստաթղթային ձևակերպման փուլը: Բոլոր դեպքերում, վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:


© 2009 ARMENPRESS.am