Թբիլիսիում բացվում է «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

10:10, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում նոյեմբերի 26-ին տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական երկխոսության վեցերորդ հանդիպումը, որին կմասնակցի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար եւ արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:

«Հանդիպմանը գլխավոր ուշադրությունը դարձվելու է Ռիգայի գագաթնաժողովում սահմանված գերակայությունների իրագործման գործընթացներին եւ եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման արդյունքում համագործակցության խորացման հեռանկարներին»,- ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումը կենտրոնանալու է ոչ միայն քաղաքական համատեքստի, այլեւ առողջապահության հարցերի վրա, ինչի կապակցությամբ Թբիլիսի կժամանի նաեւ առողջապահության հարցերի եվրակոմիսար Վիտյանիս Անդրյուկայտիսը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին մեկնելու Է Թբիլիսի՝ մասնակցելու «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Արեւելյան գործընկերություն» նախագիծը նպատակամղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական ինտեգրացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости


© 2009 ARMENPRESS.am