Պենտագոնը պաշտպանեց ռուսական ինքնաթիռի խոցման թուրքական վարկածը

19:13, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիան կործանել է ՌԴ ինքնաթիռը` պաշտպանելով իր օդային տարածքը, այլ ոչ թե որպես ԱՄՆ գործընկեր «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Պենտագոնը նաև ընդգծել է, որ ԱՄՆ զինված ուժերը չեն մասնակցել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

 «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:




© 2009 ARMENPRESS.am