ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ

14:03, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:

Նա լուսավոր անհատականություն էր թե կյանքում, թե բեմում. այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հիշողության մեջ:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ կիսելով բոլորի վիշտը»:


© 2009 ARMENPRESS.am