Ռուսական «Նորաձևության դատավճիռ» հաղորդումն անդրադարձել է հայկական տարազի առանձնահատկություններին

18:58, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայտնի «Модный приговор» («Նորաձևության դատավճիռ») հեռուստահաղորդման թողարկումն անդրադարձ է կատարել հայկական տարազի առանձնահատկություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդման հյուրն է եղել «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

Հաղորդավար, նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը հայերենով ողջունել է Լիլիթ Մելիքյանին: Վերջինս հաղորդման ընթացքում ներկայացրել է հայ կնոջ և տղամարդու 4 տարազ՝ Վասպուրականի, Կարինի ու Ուրֆայի ասեղնագործության տարրերով։

«Վասպուրականում նորաձև էր կարմիր գույնը, և զգեստի վրա գերակշռում էր կարմիրը: Հայերը կարմիր գույնը պաշտպանիչ են համարել, և միշտ հագուստի տակից կարմիր երկար շապիկ են կրել»,- նշել է Լիլիթ Մելիքյանը:

Նա ներկայացրել է նաև հայկական ազգային տարազների առանձնահատկությունները, խոսել հայկական զարդանախշերի մասին։ Հաղորդման ընթացքում հայկական պարի կատարմամբ ելույթ է ունեցել «Հայաստանի գույներ» անսամբլը:


© 2009 ARMENPRESS.am