Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 450 հազար դրամ

11:54, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 5–9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 269.45 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման և հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի խախտման 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 130 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 78.2 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 11.25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Տավուշի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 180 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 14 կգ` 25հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:   

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 450 հազար դրամ:


© 2009 ARMENPRESS.am