Կոնգոյի արտգործնախարարը ուսանողության տարիներից ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին

20:45, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Կոնգոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժան-Կլոդ Գակոսոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ հաճելի է Նյու Յորքում երկու շաբաթ առաջ կայացած հանդիպումից հետո հանդիպել Երևանում և շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

Նախարար Գակոսոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ դեռ Լենինգրադում (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ և այժմ շատ ուրախ է, որ ներկայացնում է իր երկիրը Երևանում՝ Ֆրանկոֆոն ընտանիքի համար այս կարևոր միջոցառմանը։

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք է բերվել երկկողմ իրավապայմանգրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ։

Կոնգոյի արտգործնախարարը ներկայացրել է Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացները, իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները և տնտեսական ու ներդրումային հնարավորությունները։


© 2009 ARMENPRESS.am