Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 6- ին

19:02, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` որոշում ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։


© 2009 ARMENPRESS.am