Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին

17:38, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հոկտեմբերի 8-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` արտգործնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ Սեյեդ Քազեմ Սաջջադն իր աշխատանքով կնպաստի հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Դեսպան Սաջջադին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը, և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության առավել զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող և հեռանկարային ծրագրեր, անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սաջջադին մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն առանձնակի կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը է վստահություն հայտնել, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:


© 2009 ARMENPRESS.am