Էրդողանի թիկնապահները կռվել են բելգիացիների հետ

10:36, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բելգիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների եւ Բելգիայում պաշտոնական այցելուներ ընդունող VIP թիկնապահների միջեւ երկու անգամ ծեծկռտոց է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բելգիական հեռուստառադիոյի պաշտոնական կայքը, առաջին լարվածությունը ոստիկանության եւ թուրք թիկնապահների միջեւ տեղի է ունեցել Բելգիայի թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպման վայրում հոկտեմբերի 4-ին:

Երկրորդ` ավելի կոշտ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի` Egmont Enstitute-ում Էրդողանի ունեցած ելույթի ժամանակ: Ծեծկռտոցի պատճառն այն է եղել, որ թուրք թիկնապահները փորձել են բելգիացիներին թույլ չտալ մտնել այն տարածք, որտեղ պետք է գտնվեր Էրդողանը: 

«Բելգիական անվտանգության ուժերի եւ թուրք թիկնապահների միջեւ անվտանգության վերահսկողության հարցում ծագած ծեծկռտոցի հետեւանքով Էրդողանի մի քանի թիկնապահներ արմունկներով հարվածներ են հասցրել Բելգիայի VIP թիկնապահներին, վերջիններս էլ թուրքերին գետնին են տապալել: Կարճ ծեծկռտոցից հետո կողմերը հանդարտվել են»,- հայտնել է բելգիական հեռուստառադիոյի կայքը:


© 2009 ARMENPRESS.am