Ռուսաստանը հերքում է Թուրքիայի ԱԳՆ-ից բողոքի նոտա ստանալու մասին տեղեկությունը

14:46, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին բողոքի նոտա չի հղել՝ կապված ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու երկրորդ դեպքի հետ, որն իբր տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԻԱ լրատվականին հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Իգոր Միտյակովը:

«Մեզ տեղեկություն են փոխանցել, այլ ոչ բողոքի նոտա»,- ասել է նա, մինչդեռ ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում թուրքական դիվանագիտական աղբյուրն այլ տեղեկություն էր հաղորդել:

ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ ռուսական ռազմական ինքնաթիռները Թուրքիայի օդային սահմանը խախտել են 2 անգամ՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին: Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հոկտեմբերի 3-ին թուրքական սահմանը խախտելու փաստը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների հետևանքով: Սակայն երկրորդ խախտման մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:


© 2009 ARMENPRESS.am