«Միդվեստ» երգչախումբը Հայաստանում իր շրջագայությունը կնվիրի դանիացի միսիոներների հիշատակին

22:21, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին նվիրված շրջագայությամբ հանդես կգա Հայաստանում: Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ` հոկտեմբերի 10-16-ի շրջագայությունը  կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջազգային ասոցիացիայից, երգչախումբը ելույթներ կունենա Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Դիլիջանում, Բերդում, Ծաղկունքում:

Երգչախմբի երգացանկում ընդգրկված են դասական, հոգևոր և ժամանակակից ստեղծագործություններ, ինչպես նաև դանիական ժողովրդական երգեր՝ խորեոգրաֆիկ կատարումներով:

Շրջագայության աջակիցներն են Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ-ում Դանիայի թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակը: 


© 2009 ARMENPRESS.am