Հայկական պատվիրակությունը ծանոթանում է Հնդկաստանի առողջապահական համակարգին

15:54, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրների շուրջ 600 մասնակցի, որոնք ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով: 

Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը, ծառացած մարտահրավերն ու առաջիկա ծրագրերը: «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» համագումարը կանդրադառնա նաև Հնդկաստանում լայն տարածում ունեցող ոչ ավանդական բժշկությանը: Հնդկաստանում լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը, ինչպես նաև մեծ հաջողություններ են գրանցվում դեղերի ոլորտում:


© 2009 ARMENPRESS.am