Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները. ԱԺ նախագահ

11:20, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Երեւանի «Արարատ»-ի երկարամյա ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան մասին:

Նրա մահով կորցրինք մեր ֆուտբոլի եւ մասնավորապես «Արարատ 73»-ի ամենախարիզմատիկ, տաղանդավոր եւ հարգանք վայելող դեմքերից մեկին, ով հայկական ֆուտբոլի չխամրող եւ հպարտություն պարգեւող էջերի տարեգիրներից մեկն էր:

Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր հայրենական սպորտի հաջողությունն ու մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները, որոնք դրական էներգիա էին տալիս տարբեր տարիքի մարզասերների:

Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մերձավորներին, նրա ֆուտբոլային տաղանդի երկրպագուներին եւ կիսում բոլորի վիշտը»:


© 2009 ARMENPRESS.am