Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղադրվել է 1715 -րդ խաչը

16:49, 4 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում  տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած  Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա տեղադրվել է 1715 -րդ  խաչը`  խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսե-ը, 1713, 1714-րդ խաչերի խաչքավորներ  ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ  Հակոբյանը  և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար  Արմեն Երիցյանը 1715-րդ խաչը փոխանցել են խաչադրման  խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին:  Արագածոտնի թեմի առաջնորդ  Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ,  սկսվել է 1715-րդ խաչի օծման արարողությունը:  Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը  հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով բարձրացվել է  և խաչքավորի ձեռամբ  ամրակցվել Սուրբ Խաչին:

Խաչադրման  արարողության ողջ ընթացքում  Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ծովացած բազմության համար  թևածել է  հոգեւոր երաժշտությունը:

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն  իր խոսքում նորից հնչեցրել է  Գրիգոր Տաթևացու մեկնությունը, որ` ՙքառաթև խաչը փրկություն է աշխարհի չորս ծագերի համար, սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, մաքրություն է մեղքերից, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ՝ սեր, խոնարհություն, հնազանդություն և համբերություն՚։

1715-րդ օծված խաչը Սուրբ Խաչի վրա ամրակցելուց հետո ողջույնի խոսք են ասել  ՙՆիգ-Ապարան՚ հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, խաչքավորներ Հակոբ  Հակոբյանը, Արմեն Երիցյանը,  Վահրամ Բաղդասարյանը: 

Համաժողովրդական տոնախմբությանը մասնակցել են հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ հարյուրավոր քաղաքացիներ:

 

 


© 2009 ARMENPRESS.am