Յուրի Ջորկաեֆը Երևանում մասնակցեց ֆուտբոլային բարեգործական հանդիպմանը

20:16, 2 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը մասնակցեց բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը, որի հասույթը կտրամադրվի Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաներին:

Բարեգործական հանդիպման ընթացքում մրցում էին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի և Հայաստանի լրագրողների թիմը: Հանդիպումն ավարտվեց խաղաղ արդյունքով՝ 1-1:

«Ես միշտ էլ կողմ եմ նմանատիպ խաղերի անցկացմանը: Ես անձամբ եմ Նյու յորքում կազմակերպում այս տեսակ հանդիպումներ: Ես ունեմ մի հիմնադրամ, որն ամեն տարի օգնում է երեխաներին՝ բարեգործական հանդիպումներ կազմակերպելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Ջորկաեֆը:

Իսկ ահա լրագրողների թիմի գլխավոր մարզիչ Կարեն Գիլոյանի կարծիքով` նմանատիպ հանդիպումները կարևոր են հենց իրենց գաղափարով: «Սա բարեգործական հանդիպում է, հետևաբար, յուրաքանչյուր մարզական արդյունք մղվում է հետին պլան»,- շեշտեց նա:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն առաջին հերթին իր շնորհակալությունը հայտնեց աշխարհահռչակ ֆուտբոլիստին` գաղափարին միանալու և բարեգործական խաղին մասնակցելու համար: «Հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ կայանալու է կիսամարաթոն, որի շրջանակներում Հայաստան է  ժամանել նաև Յուրի Ջորկաեֆը: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն իր կողմից 1 միլիոն դրամ է փոխանցել բարեգործական այս հիմնադրամին, և այն կփոխանցվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաներին: Սա առաջին նախաձեռնությունը չէ Գավառի մանկատան համար, բավական ծրագրեր ենք իրականացվել»,- ասաց նա:

Երևանում 2015թ. հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն` «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո, որին իր մասնակցությունը կբերի նաև աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:


© 2009 ARMENPRESS.am