«Կինոշոկ» փառատոնին կմասնակցեն նաև հայկական ֆիլմեր

17:44, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդար երկրամասի Անապա քաղաքում անցկացվող «Կինոշոկ» փառատոնին կմասնակցեն նաև հայկական ֆիլմեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, 24-րդ իրադարձությունը կանցկացվի սեպտեմբերի 13-20-ը:

Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում, ի թիվս այլ երկրների կինոնկարների, ընդգրկվել է նաև Արման Չիլինգարյանի «Եվ յոթերորդ օրը»: Մրցույթի ժյուրիի կազմում է նաև գրող, կինոգետ, ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը:

«Շոկի սահմանները» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում պայքարում է Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը»: Գեորգի Փարաջանովի` հայ-ռուս-լատվիական համատեղ արտադրության «Աշունը սրտում» կինոնկարն էլ ընդգրկվել է OMNIBUS մրցույթում: Հատկանշական է, որ «Ֆիլմ ֆիլմի մասին» ծրագրում այս տարի ներկայացվել է Տատյանա Դանիլյանցի` ռուս-իտալական համատեղ «Հիշելով Փարաջանովին.վենետիկյան հանդիպումներ» կինոնկարը:

 Փառատոնին որպես հյուր կմասնակցեն տարբեր երկրների կինոյի աստղերը: Կանցկացվեն նաև մշակութային ծրագրեր` կլոր սեղաններ, հանդիպումներ, քննարկումներ, ասուլիսներ և այլն: «Կինոշոկ»-ը կյանքի է կոչվում ՌԴ կառավարության, Պետդումայի, ՌԴ մշակույթի, արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական մարմինների աջակցությամբ:

Փառատոնն ավանդաբար անցկացվում է 1992 թվականից: Ստեղծման օրվանից այն դարձել է ամենակարևոր, ներկայացուցչական և հարգված կինոֆորումներից մեկը հետխորհրդային տարածքում: Փառատոնային ծրագրում նախատեսված է ոչ միայն մրցութային, այլև արտամրցութային կինոնկարների ցուցադրություն:  


© 2009 ARMENPRESS.am