«Շանթ 2015» զորավարժություններն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով. ՀԱՊԿ ներկայացուցիչ

14:15, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող «Շանթ 2015» զորավարժությունների ընթացքը ռազմավարական հրամանատաշտաբային զորավարժություններին հետեւող ՀԱՊԿ ներկայացուցիչները ոչ միայն դրական են գնահատում միջոցառումները, այլեւ շեշտում, որ դրանք անցկացվում են կատարողական բարձր մակարդակով եւ պրոֆեսոինալիզմով:

Նուբարաշենում զորավարժությունների շրջանակում փախստականների ընդունման սցենարի խաղարկմանը հետեւող ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ, պահեստային զորքերի գեներալ-մայոր Վալերի Կոլչինն «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ ամեն ինչ արվում է բարձր մակարդակով: «Մենք արդեն մի քանի օր հետում ենք վարժանքներին: Ներկա ենք գտնվել Մատենադարանի եւ Ազգային պատկերասրահի ազգային ունեցվածքի տարհանման սցենարի խաղարկման ընթացքին եւ ավտոմեքենաների շարասյան ձեւավորմանը։ Կարող եմ հստակ ասել, որ ամեն ինչ կազմակերպվել է բարձր պրոֆեսիոնալիզմով, որպեսզի կյանքի ռիթմը չխախտվի: Վարժանքները, միջոցառումները համապատասխանում են այն կանոններին, որոնք անհրաժեշտ են երկիրը պատրաստվածության համապատասխան իրավիճակի բերելու համար: Յուրաքանչյուր վարժանքից հետո իմ այս տեսակետն ավելի ու ավելի է ամրապնդվում»,- ասաց նա:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


© 2009 ARMENPRESS.am