Սերժ Սարգսյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված հարցեր

12:36, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: 

Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը` ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։ Նա նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:

Անդրադարձ է եղել նաև ս.թ. սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և դրանց նպատակին: 


© 2009 ARMENPRESS.am