ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե մարտադաշտում, այլ բանակցային սեղանի շուրջ. Ջեյմս Ուորլիքի բացառիկ զրույցը

18:11, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին 4 օրերի լարված իրավիճակն ու հատկապես խաղաղ քաղաքացիների վիրավորումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բնորոշում է մտահոգիչ եւ շեշտում է, որ համանախագահները խիստ ձեւով կոչ են անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները` թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում համանախագահը շեշտում է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ, և ոչ մարտադաշտում:

«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք զինված ուժերի կողմից քաղաքացիական տարածքները թիրախավորելու մասին հաղորդումներով: Մենք հնարավորինս խիստ ձևով կոչ ենք անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: Հայաստանի և Ադրբեջանի ուժերը քաղաքացիական կյանքեր պաշտպանելու մարդասիրական պարտավորություն ունեն: Ինչպես նախկինում ընդգծել ենք, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պետք է քաղաքական կամք հանդես բերեն հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ և ոչ մարտադաշտում»,- ասաց Ուորլիքը:

Սկսած օգոստոսի 31-ից` Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին եւ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի տասնյակ գյուղեր պահում է կրակահերթի տակ: Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների` հակառակորդն օգտագործում է 60 մմ, 80 եւ 120 մմ տրամաչափի ականանետեր, դիպուկահարներ: Վերջին հրաձգությունների հետեւանքով հայկական կողմն ունի 7 վիրավոր, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են: Նրանք գտնվում են բուժհաստատություններում եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ցավոք, հայկական կողմն այս ընթացքում ունեցել է նաեւ զոհեր: Հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը:

 

Հասմիկ Հարությունյան


© 2009 ARMENPRESS.am