Երբ Ադրբեջանն առաջին գծում չի կարողանում համարժեք պատասխան տալ, կրակում է անպաշտպան ժողովրդի վրա. Մովսես Հակոբյան

15:52, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ,  4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին չի զարմացնում, որ հակառակորդն առաջին գծում հաջողության չհասնելու պարագայում կրակոցներ է արձակում խաղաղ բնակչության վրա: «Այսօր էլ սահմանին իրավիճակը լարված է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ նախորդ տարվա օգոստոսի նման իրավիճակ չլինի։ Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա  եթե 23 տարի հետ գնանք ու վերհիշենք անցած պատերազմը, կտեսնենք, որ հակառակորդի մոտ սովորական բան է դա և զարմանք չպետք է պատճառի։ Երբ հակառակորդը չի կարողանում առաջին գծում զինվորներին համարժեք պատասխան տալ, իր զայրույթը կամ մուռը հանի զինվորներից, սկսում է իր զենքը կիրառել անպաշտպան բնակչության հանդեպ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա` հավելելով, որ առաջին գծում զինվորականների համար հաղթելն ու պարտվելը պատվի հարց է, իսկ հայկական կողմը խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակելու բազմաթիվ հնարավորություններ ունի։

«Հատկապես Արցախի Հանրապետությունում դրա հնարավորությունը մեծ է՝ կրակել բնակիչների վրա, բայց դա ինքնանպատակ չէ մեզ համար, և Զինված ուժերը դրա համար չեն ստեղծված, այլ խաղաղ բնակչությանը պատսպարելու համար»,- ասաց նա։


© 2009 ARMENPRESS.am