«Շանթ-2015» ռազմավարական զորավարժությունը կընդգրկի պետության գրեթե բոլոր կառույցներին

17:34, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2015» ռազմավարական զորավարժությունը պլանային բնույթ ունի, իր մեջ պարունակում է պետության գրեթե բոլոր համապատասխան կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմական գործողություների ժամանակ: Այս մասին սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ «Օրինակ, տարբեր վայրերում տարհանումներ են անցկացվելու, համապատասխան տարածքներ են նախապատրաստվել հանգստի տներում եւ ճամբարներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նա:

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


© 2009 ARMENPRESS.am