Երկրում առկա է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. Տարոն Մարգարյան

14:24, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունները նպաստելու են մեր երկրի կառավարման հեշտացմանը և տնտեսական առաջընթացին:

«Մենք որպես իշխող կուսակցություն հանդես ենք եկել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու առաջարկով, և մեր երկրի ազգաբնակչությանը ու բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն ենք տվել մասնակցելու մեր երկրի ապագայի համար այս կարևոր փաստաթղթի ստեղծմանը: Եթե հանրաքվեով նոր Սահմանադրությունն ընդունելի լինի մեր ժողովրդի կողմից, ապա ես համոզված եմ, որ ապագա իշխանությունները կկարողանան ավելի լավ կառավարել մեր երկիրը` նպաստելով Հայաստանի տնտեսության առաջընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ և Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը` հավելելով, որ երկրում առկա է Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչը տարիներ շարունակ բարձրաձայնվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20 ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով,և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Սերժ Սարգսյանը արդեն հանդիպել է ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ, ՀՔԴՄ, Ազատ դեմոկրատներ, Ազգային միաբանություն, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ:


© 2009 ARMENPRESS.am