«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը կմիավորի յոթ երկրների թատերական գործիչների

10:34, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության hայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», 10-րդ անգամ Լոռու մարզում կանցկացնի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-11-ն անցկացվող իրադարձության ընթացքում կանցկացվի «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» խորագրով երթ:

«Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին Դսեղ գյուղում: Ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում Հովհաննես Թումանյանին: Յոթ երկրներից տարբեր թատրոններ, գործիչներ են գալու, կցուցադրվեն տարբեր ներկայացումներ: Վանաձորի Հայկ հրապարակից մեկնարկելու է «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» խորագրով երթը` դեպի Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոն: Մեկշաբաթյա ծրագիր է լինելու: Նախատեսում ենք նաև երկու ներկայացում ցուցադրել Երևանում»,-նշեց Արմեն Սաֆարյանը: 

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահի խոսքով, փառատոնի շրջանակում անցկացվելու են վարպետության դասեր, թեմատիկ քննարկումներ, կոնֆերանս:

Փառատոնն իր առջև նպատակ է դրել նպաստել տիկնիկային արվեստի զարգացմանը, հայ մշակույթի տարածմանը, տարբեր ազգերի միջև մշակութային փոխանակումների և երկխոսության զարգացմանը: Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը, Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը և այլ մասնավոր կառույցներ: 


© 2009 ARMENPRESS.am