«Ոչ թալանին» նախաձեռնությունը փորձել է փակել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը

18:06, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարարները, Երևանի Սիրահարների այգում կայացած հանրային քննարկումից հետո, փորձել են փակել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց այդ քայլը: Երթևեկությունն այդ խաչմերուկում շարունակվում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ոչ թալանին» նախաձեռնության  Սիրահարների այգում կայացած հանրային քննարկումը նվիրված էր պայքարի հետագա մեթոդների հստակեցմանը: Քննարկումների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը  նկատեց, որ իրենց պահանջները նույնն են մնացել՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, վերանայել նախկին սակագինը, պատժել հունիսի 23-ի բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացրած ոստիկաններին: Մաքսիմ Սարգսյանը, սակայն, չցանկացավ բացահայտել, թե ինչ ռազմավարություն են ընտրել պայքարի համար և ինչ քայլերի են գնալու: «Մենք դա պետք է քննարկենք նաև այն մարդկանց հետ, ովքեր ընդունել են մեր քննարկմանը մասնակցելու առաջարկը: Քննարկումներից հետո մենք կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա չբացառեց նաև, որ իրենց կարող է միանալ նաև «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը: «Մենք երբեք չենք բացառել, որ մեր ճանապարհները մի օր կարող են հատվել: Մենք էլ ենք Հայաստանի ապագայի համար պայքարող քաղաքացիներ, նրանք էլ, այնպես որ, ես չեմ ցանկանում ոչինչ բացառել»,- ընդգծեց Սարգսյանը: 


© 2009 ARMENPRESS.am