Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը հայերի դեմ իրականացված կոտորածն անժխտելի փաստ է համարում

10:35, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Ալի Հայդար Քոնջան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին` չժխտելով, որ նման բան տեղի է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Լրագրողները հարցրել են, թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորի նոր նախարարն այն պարագայում, եթե Եվրախորհրդարանի օրակարգում կրկին հայտնվի Հայոց ցեղասպանության հարցը, ինչին ի պատասխան Քոնջան ասել է. «Ցեղասպանությունն այսպես կոչված է, թե ոչ, կարևոր չէ, հստակ է և պարզ միայն մի բան` կոտորած է եղել: Դա բոլորն են ընդունում»:

ԵՄ հարցերով նախարարը հավելել է, որ այս հարցի վերաբերյալ իր կուսակցությունը դեռ քննարկում կանցկացնի և կհստակեցնի դիրքորոշումը: Ալի Հայդար Քոնջան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է: Այդ կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշն էլ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, որ ընտրվելու պարագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:


© 2009 ARMENPRESS.am