ԼՂՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սուր աղիքային վարակներից խուսափելու եղանակները

16:21, 30 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը հանրապետության բնակչությանը հորդորում է սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել մի շարք կանոների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, մասնավորապես, պետք է մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել փակ տարաներում` աղտոտումից խուսափելու համար:  Շուտ փչացող սննդամթերքը պետք է պահել սառնարանում, խուսափել այն սննդամթերքով սնվելուց, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում:

Նախարարությունը խորհուրդ է տալիս խմելու ջրի համի և գույնի փոփոխության և նստվածք նկատելիս այն օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև այդ մասին և շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ նկատելու դքպում անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին:

Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, խուսափել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդների հետ շփվելուց: Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդություններով չհոսպիտալացված հիվանդ, նրա սպասքը և մյուս պարագաները պետք է առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ), խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակարանում բոլոր մակերեսները սրբել ժավելի լուծույթում թրջված լաթով, հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ:


© 2009 ARMENPRESS.am