Էդգար Մանուչարյանը հնարավոր է չմասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին

17:58, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Թերեք»-ի դեմ հանդիպման ընթացքում Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ուրալ»-ի գլխավոր մարզչի օգնական Յուրի Մատվեևը նշել է, որ նախնական ախտորոշմամբ ֆուտբոլիստի ձկնամկանն է պատռվել:

«Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նա որոշ ժամանակով չի կարողանա օգնել թիմին: Դա նախնական ախտորոշումն է, բուժզննում անցնելուց հետո ամեն ինչ պարզ կլինի: Կարծում եմ` հավաքականի առաջիկա խաղերին մասնակցել չի կարողանա: Համենայն դեպս, ներկա պահին ոտքը չի կարողանում դնել գետնին: Շատ ցավալի է, քանի որ Մանուչարյանը լավ մարզավիճակում էր ու շատ էր օգնում մեզ»,- նշել է Մատվեևը:

Հիշեցնենք, որ մինչև վնասվածք ստանալն ու փոխարինվելը, Մանուչարյանը   դարձել էր գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը: 


© 2009 ARMENPRESS.am