Փորձագետն ամուր է համարում Ադրբեջանի հետ տեղեկատվական պայքարում Հայաստանի դիրքերը

12:46, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ տեղեկատվական պայքարում Հայաստանը գտնվում է բավականին լավ դիրքերում: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով` Հայաստանի համապատասխան մարմինները տիրապետում են իրավիճակին և կարողանում են համարժեք պատասխան տալ հակառակորդի տեղեկատվական սադրանքներին և տեղեկատվական դիվերսիաների միջոցով Հայաստանում խուճապ ստեղծելու փորձերին:

«Հատկապես Հայաստանի կամ Արցախի համար տոն օրերին ադրբեջանցիներն ավելի են ակտիվացնում տեղեկատվական դիվերսիաները և սադրանքները: Եվ, չնայած հայկական կողմը նրանց հետ տեղեկատվական պայքարում գտնվում է լավ վիճակում, հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ նրանց սադրանքներին զոհ գնալուց: Ամենաթույլ օղակը սոցիալական ցանցերն են և հատկապես այն օգտատերերը, որոնք գաղափար անգամ չունեն տեղեկատվական անվտանգության կանոնների մասին: Նրանք շատ հեշտությամբ դառնում են ադրբեջանցիների սադրանքների զոհը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Քոչարյանը:

Փորձագետը ցավով նշեց, որ հայկական որոշ լրատվամիջոցներ շարունակում են ոչ պրոֆեսիոնալ գործել և հայաստանյան լրատվադաշտ տեղափոխել ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը: «Բոլոր լրագրողները լավ գիտեն, որ սահմանին իրավիճակի սրվելու դեպքում պետք է կապ հաստատեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ, սակայն, որոշ լրատվամիջոցներ տարածում են այն կեղծ լուրերը, որոնք դաշտ են բերում ադրբեջանցիները»,- ասաց Քոչարյանը:


© 2009 ARMENPRESS.am