Ադրբեջանում ամուսնացող երիտասարդների մոտ վտանգավոր հիվանդություններ են հայտնաբերվել

18:17, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող որոշ երիտասարդների մոտ ՁԻԱՀ եւ սիֆիլիս հիվանդություններ են հայտնաբերվել: Բժշկական քննություն անցած 7 զույգերից յուրաքանչյուրի մոտ տալասեմիա` արյան հիվանդություն է ախտորոշվել, սակայն, նրանցից ոչ մեկը ամուսնությունից չի հրաժարվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Չինգիզ Ասադովը: Նա հայտնել է, որ «Ամուսնանալ ցանկացող անձանց բժշկական քննության անցնելու կանոնների» համաձայն` այս տարվա հունիսի 1-ից պարտադիր բժշկական քննություն են անցել 33 412 երիտասարդներ, որոնցից 135-ի մոտ որոշակի վտանգավոր հիվանդություններ են հայտնաբերվել:

«Եթե զույգից մեկը տալասեմիայի կրող է, խնդիր չկա: Սակայն, եթե նրանք երկուսն էլ հիվանդ են տալասեմիայով, ապա հնարավոր է` նրանցից ծնված երեխան նույնպես տառապի արյան հիվանդությամբ, եւ մենք նրանց խորհուրդ չենք տալիս ամուսնանալ: Իսկ ամուսնանալու եւ հղիանալու դեպքում խորհուրդ ենք տալիս դիմել Արյունաբանության եւ տրանսֆիզիոլոգիայի ինստիտուտ: Որոշ երիտասարդների մոտ էլ ՁԻԱՀ եւ սիֆիլիս է հայտնաբերվել: Նրանց մասին տեղեկություն է ուղարկվել ՁԻԱՀ կենտրոն: Չեմ հավատում, որ այդ զույգերից որեւէ մեկը համառի ամուսնության հարցում: Քանի որ բոլորն այժմ հասկանում են, որ եթե ամուսնանան` կվարակեն իրար», -ասել է Ասադովը:

Ադրբեջանի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն` 2015 թվականի հունիսի 1-ից այդ երկրում ամուսնացող զույգերը պետք է առողջության մասին տեղեկանք ներկայացնեն Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոններ, հակառակ դեպքում, նրանց ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվի:


© 2009 ARMENPRESS.am