Ավստրիայի ոստիկանությունը 70-ից ավելի միգրանտների մարմիններ Է հայտնաբերել բեռնատարում

11:51, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի ոստիկանությունը միգրանտների ավելի քան 70 մարմիններ Է հայտնաբերել այն բեռնատարում, որն օգոստոսի 27-ին գտել են երկրի արագընթացիկ ավտոմայրուղու եզրին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերմանական ARD հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը:     

Ավելի վաղ իրավապահները հայտարարել Էին, թե լքված ավտոմեքենայի թափքում գտել են ավելի քան 50 մարմին: Ավտոմեքենան գտնվել Է մայրուղու՝ Նոյզիդլ եւ Պառնդորֆ բնակավայրերի միջեւ ընկած հատվածում: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բեռնատարը կանգնած Է մնացել մի քանի ժամ, հնարավոր Է, ամբողջ գիշեր: Ոստիկաններին կանչել են ճանապարհային ծառայությունների աշխատակիցները:

Դատաբժշկական փորձագետների վարկածով՝ մահը վրա հասել Է շնչահեղձության հետեւանքով: Ըստ որում նրանք ճշտել են, որ ըստ որոշ նշանների՝ մարդիկ թափքում մահացել են դեռ մինչեւ Ավստրիա հասնելը:   

Իրավապահները նշել են, որ մեքենան ունեցել Է հունգարական համարանիշեր եւ դեռ օգոստոսի 26-ին այն նկատել են Բուդապեշտի շրջանում: Նախնական տվյալներով՝ բեռնատարի տերն ու վարորդը, հավանաբար, արդեն հեռացել են Ավստրիայից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am