Բարոնուհի Քերոլայն Քոքսն ուխտագնացություն է կազմակերպել դեպի Արցախ

13:02, 19 Օգոստոս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը մի խումբ ուխտագնացների հետ այցելել է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը տեղեկացրել է, որ ուխտագնացները գիշերելու նպատակով օգոստոսի 17-ին կանգ են առել Բերձորում՝ Հակարի գետի ափին ստեղծված ճամբարում: Հյուրերին Բերձորի մուտքի մոտ դիմավորել են Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Արտուշ Մխիթարյանը, Հակոբ Սայամյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը: 

Բարոնուհի Քոքսը նշել է, որ Արցախն իր համար հարազատ երկիր է դեռևս պատերազմի տարիներից: Քերոլայն Քոքսն իր խմբի անդամներին, որոնց մեծ մասն առաջին անգամ է Արցախում, պատմել է գոյամարտի և արցախցիների հերոսական պայքարի մասին: Խոսելով Քաշաթաղի շրջանի մասին, նա նկատել է, որ հայ ժողովուրդը մշտապես ավերակների վրա է հիմնել ու ծաղկեցրել իր երկիրը: Ուխտագնացության մասնակիցներն օգոստոսի 18-ին ոտքով Բերձորից շարժվել են դեպի Շուշի և Ստեփանակերտ:

Ուխտագնացների թվում են Արցախյան գոյամարտի մասնակից հաշմանդամներ, ովքեր բուժվել են Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել բարոնուհուն նման բուժհաստատություն հիմնելու և օժանդակելու համար: Արտերկրից ժամանած բոլոր ուխտագնացները որպես նվեր ստացել են Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմող գրքեր ու սկավառակներ, որոնք հատկացվել են ՀՀ կառավարության կողմից:


© 2009 ARMENPRESS.am