Մայր Աթոռը մեկնաբանում է Դերսիմից և Տիգրանակերտից ժամանած հայերին չմկրտելու պատճառը

16:50, 11 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու ավազանում մկրտվելու իրավունք ունեն ազգությամբ հայերը կամ հայերի հետ ամուսնացածները: Թուրքիայում բնակվող հայերը Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու համար պետք է ներկայացնեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաստատումը, որ իրենք հայ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը` անդրադառնալով նրան, որ Հայաստանում հրաժարվել են մկրտել Դերսիմից ու Տիգրանակերտից ժամանած հայերի: «Կանոնական առումով նրանք պատկանում են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին, իրենք պետք է դիմեն պատրիարքարան, փաստաթղթի տեսքով ստանան հաստատում, որ իրենք հայ են, անցնեն որոշակի պատրաստություն, այնուհետև մկրտվեն Հայ Առաքելական եկեղեցում»,-հայտնեց Հայր Զաքարիան` ավելացնելով, որ նշյալ մարդիկ պատրիարքարանի կողմից հաստատում չեն ունեցել:

Նրա խոսքով` խնդիրը լուրջ է, քանի որ հոգևոր անվտանգության հարց է առաջանում: «Թուրքական անձնագրերում նշվում է նրանց կրոնական պատկանելությունը, մարդը կարող է Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելուց հետո իր թուրքական անձնագրում մնալ մահմեդական»,-նշեց  Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Մկրտությունը ձևական արարողություն չէ, այն կարևոր արարողակարգ է Հայ եկեղեցու կյանքում»,-ավելացրեց Հայր Զաքարիան:

Օգոստոսի 11-ին կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Թուրքիայի Դերսիմ նահանգից Երևան եկած երկու ծպտյալ հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ ծպտյալ հայորդու։ Տիգրանակերտցի Էրդալ Մերջանը նշել է, որ Հայաստանում մկրտվելու միջոցով կարող է թուրքական դատարան դիմել և վերականգնել իր հայ լինելը: Նա ասել է, որ ինքը դեռ փոքրուց իմացել է, որ հայ է, սակայն, չի իմացել, որ հայը ամբողջ ազգ է, այլ ոչ թե կրոն:


© 2009 ARMENPRESS.am