Անթալիայում արտակարգ շոգը խնդիրներ է հարուցել զբոսաշրջիկների համար

18:22, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում միջերկրածովյան ափին գտնվող Անթալիա հանգստավայրում այսօր ստվերում գրանցվել է 39 աստիճան տաքություն, իսկ ծովափին այն հասել է 60 աստիճանի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, հայտնել է Անթալիայի օդերեւույթաբանական կենտրոնի տնօրինությունը:

Եղանակային այդ անակնկալը դժվարությունների առաջ է կանգնեցրել Անթալիա մեկնած զբոսաշրջիկներին: Օդերեւութաբանական կենտրոնը հանգստավայրի բնակչությանը եւ հյուրերին զգուշության կոչ է արել: Ծովափին ջրի ջերմաստիճանը 29 աստիճան է: Մասնագետները նշել են, որ օդի բարձր ջերմաստիճանը դժվարություններ կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, թոքերի քրոնիկ հիվանդություններ, ասթմա եւ բրնխիտ ունեցող հիվանդների համար:


© 2009 ARMENPRESS.am