Կալիֆոռնիայում շուրջ 12 հազար մարդ է տարահանվել անտառային հրդեհի պատճառով

10:13, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի երեք օկրուգների շուրջ 12 հազար բնակիչներ են տարահանվել սաստիկ անտառային հրդեհի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հաղորդել է Reuters գործակալությունը:

Հուլիսի 29-ին Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած Լեյքի օկրուգում բռնկած հրդեհը ընդգրկել է 18,6 հազար հեկտար տարածք՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով ավելի քան երկու անգամ եւ հասնելով Օրեգոնի նահանգի սահմաններին:

Կրակը ոչնչացրել է 24 տուն եւ 26 տնտեսական շինություն, ընդ որում, ինչպես հայտնել են Կալիֆոռնիայի հրշեջ դեպարտամենտում, սպառնալիքի տակ է եւս ավելի քան 6 հազար շենք:

Հրդեհի պատճառով փակվել են երկու մայրուղիներ: Հրդեհի մարման գործում ներգրավված Է գրեթե երկու հազար մարդ, հրշեջներից մեկը զոհվել է մոդոկի ցեղի հնդկացիների բնակության վայրում կրակի դեմ պայքարելիս:

Ինչպես հաղորդել է Associated Press-ը, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել եւ մոբիլիզացրել է Ազգային գվարդիան:

Հրշեջ դեպարտամենտում նշում են, որ կրակը տարածվում է հսկայական արագությամբ, եւ առայժմ հաջողվել է հսկողության տակ առնել հրդեհի տարածքի միայն 5 տոկոսը: Փրկարարները ենթադրում են, որ հրդեհը կհաջողվի ամբողջովին տեղայնացնել օգոստոսի 12-ից ոչ շուտ:

Լուսանկարը` АР


© 2009 ARMENPRESS.am