«Ալաշկերտ»-ը հաղթեց գործող չեմպիոն «Փյունիկ»-ին. մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

20:57, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը. գործող չեմպիոնը պարտությամբ մեկնարկեց նոր մրցաշրջանը:

Երևանի ֆուտբոլի ակադեմիայի կայացած խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկ»-ը հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին: Ակնհայտ էր, որ երկու թիմերն էլ լավ ուսումնասիրել էին մեկ մեկու: «Փյունիկ»-ն առաջինն օգտագործեց պահը: Հայաստանի 24-րդ առաջնության առաջին գնդակը հեղինակեց Վարազդատ Հարոյանը, ով առաջ մղեց գործող չեմպիոնին ստանդարտ դիրքից: «Ալաշկերտ»-ին միայն 10 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գնդակը դարպասապահի գլխի վերևով դեպի դարպաս ուղարկեց Հեբեր Առաուխոն: Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին երկու թիմերը հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, բայց՝ ապարդյուն: Այնուամենայնիվ, «Ալաշկերտ»-ի կազմում յուրօրինակ գոլի հեղինակ դարձավ թիմի լեգիոնական Հեբեր Առաուխոն, ով տուգանային հարվածով գրավեց Հայաստանի չեմպիոնի դարպասը: «Փյունիկ»-«Ալաշկերտ» 1-2: 

Խաղային օրվա մյուս խաղում Երևանի «Բանանց»-ը հյուրընկալել էր «Միկա»-ին: «Միկա»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, սակայն հաղթական հաշիվը պահպանել չստացվեց: «Բանանց»-ի ֆուտբոլիստներն ավելացված րոպեին խուսափեցին պարտությունից՝ «Բանանց»-«Միկա» 1-1:  

Առաջին տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները կկայանան օգոստոսի 2-ին: «Հրազդան» մարզադաշտում կկայանա «Արարատ»-«Ուլիս» խաղը, իսկ Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը կմրցի «Գանձասար-Կապան»-ի հետ:  


© 2009 ARMENPRESS.am