ԻԼԻՊ-ը չներեց Թուրքիայի դավաճանությունը. թուրքագետ

14:23, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վրեժ է լուծում Թուրքիայից իր դեմ կազմած միջազգային կոալիցիային միանալու համար: Լրագրողների հետ հուլիսի 31-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Հայտնի փաստ է, որ Թուրքիան ֆինանսավորում էր ԻԼԻՊ-ին, ինչպես նաև իր բուժական հաստատություններում բժշկական օգնություն էր ցուցաբերում նրանց վիրավոր ահաբեկիչներին: Սակայն այն պահից սկսած, երբ Թուրքիան իր ռազմաբազան տրամադրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին և միացավ նրանց կոալիցիային`ջիհադականները հուլիսի 9-ից պատերազմ հայտարարեցին թուրքական կառավարությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա նշեց, որ պաշտոնական Վաշինգթոնն ի սկզբանե կողմ է եղել, որ ջիհադականները ոչնչացնեն Սիրիան, սակայն երբ ԻԼԻՊ-ի զինյալները սկսեցին հարձակվել քրդական շրջանների վրա, ամերիկյան օդուժը սկսեց ռմբակոծել իրենց դիրքերը։ «Թուրքիայում բնակվող քրդերն այսօր պայքարում են թուրքական իշխանությունների դեմ`պարզ հասկանալով, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ ուզում է վերացնել քրդական գործոնը. նրանք արդեն սպանել են 11 ոստիկանի, իսկ երեկ Քիլիս գյուղի (Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Հալեպ նահանգ) մոտ շրջափակել և սպանել էին երեք թուրք զինվորականի»,-շեշտեց Չաքրյանը` հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԻԼԻՊ-ի օգնությամբ հարձակումներ էր իրականացնում քրդերի վրա, սակայն վերջին իրադարձություններից հետո նրանք այլևս թուրքական իշխանություններին մահապարտներ չեն տրամադրի:

Քրդական աշխատավորական կուսակցության(PKK) զինյալները սկսել են հարձակվել  Թուրքիայում գտնվող ոստիկանական բաժանմունքների և զինվորականության վրա: Շըրնաքում հուլիսի 30-ին ևս PKK-ի զինյալները հարձակում էին գործել, որի հետևանքով զոհվել էր 3 զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա:


© 2009 ARMENPRESS.am