Սեյրան Օհանյանը հանդպել է ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտներին

18:09, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անկաշկանդ զրույց է ունեցել սպաների հետ, շնորհավորել է ծառայողական նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:

Ողջունելով ՀՀ, ՌԴ, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի և ԱՄՆ ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտներին՝ Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմական բարձրագույն կրթության ստացած սպաների դերը ազգային բանակի մարտական պատրաստականության ամրապնդման գործում, հորդորել այսուհետ ևս չզլանալ և ծառայությունից ազատ ժամանակահատվածը տրամադրել ուսմանը:

Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին դասընթացների ավարտի և նոր նշանակումների, առանձին դեպքերում էլ՝ հերթական զինվորական կոչումների շնորհման կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղ և արգասաբեր ծառայություն: Ընդգծելով, որ ակադեմիական դասընթացների շրջանավարտների մի մասը ռազմական կրթությունը ստացել է Հայաստանում և նշելով, որ տարեցտարի կավելանա մեր երկրում բարձագույն ռազմական կրթություն ստացած սպաների թիվը, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ ծառայության նոր վայրերում գործնականում կիրառելով ակադեմիական դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները՝ սպաներն առավել կբարձրացնեն ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության աստիճանը:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարն ակադեմիական դասընթացների շրջանավարտներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը ծառայության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները շտկելու և դրանք հետագայում բացառելու համար:


© 2009 ARMENPRESS.am