Անցնող հուլիսն աչքի է ընկել հանրապետությունում խոտածածկ տարածքների հրդեհների առատությամբ

17:06, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող հուլիսն աչքի է ընկել հանրապետությունում խոտածածկ տարածքների հրդեհների առատությամբ: Մինչև հուլիսի 30-ը Հայաստանում գրանցվել է բուսածածկ տարածքներում հրդեհների 2050 դեպք, որոնցից միայն 1393-ը տեղի է ունեցել հուլիսին: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «Հանրապետությունում  հուլիսի վերջին օրերին և օգոստոսի սկզբին կպահպանվի օդի բարձր ջերմաստիճան, ինչը կազդի հրդեհավտանգ իրավիճակի վրա», - ասաց Հովհաննես Խանգելդյանը:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը կոչ արեց բնակչությանն առավել զգուշ լինել, հետևել երեխաների` կրակի հետ խաղին և զերծ մնալ բաց տարածքներում ծխախոտի և ապակե տարաներ նետելուց, քանի որ այն կարող է դառնալ հրդեհի պատճառ, իսկ իրիկնային քամու առկայությամբ կրակը կարող է տարածվել:

«ՏԿԱԻ նախարարի հրամանով բազմաթիվ վտանգավոր օջախներում, տրանսպորտային միջոցների համար հասանելի տարածքներում, սահմանվել է հսկողություն՝ հրշեջ հաշվարկների հերթապահություն սահմանելով: Իսկ անհրաժեշտության դեպքում այրվել է վտանգ ներկայացնող խոտը՝ կանխարգելելու հնարավոր հրդեհների բռնկումը», - տեղեկացրեց Հովհաննես Խանգելդյանը: Նա նշեց, որ բերքահավաքից հետո գյուղացիները պետք է զերծ մնան խոտն այրելուց, քանի որ այն կարող է դառնալ հրդեհի տարածման աղբյուր և այն կարծիքը, որ խոտի այրումից հողը կհարստանա՝ իրատեսական չէ, քանի որ հրդեհով նաև այվում է հողի պիտանի զանգվածը՝ դրանով աղքատացվում է հողը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչն էր դարձել Բուսաբանական այգում հրդեհի պատճառ, Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ բուսածածկերի հրդեհների պատճառի սահմանումը բավականին բարդ է, քանի որ պատճառ կարող է դառնալ անգամ խոտի վրա հայտնված ապակու կտորը:


© 2009 ARMENPRESS.am