Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա ևս 2 աստիճանով

14:31, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքը հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին` հարավային`   2-5 մ/վրկ:

Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան:


© 2009 ARMENPRESS.am