ՀՀ ՓՄՁ-ները նոր ծրագրով կօգտվեն ԵՄ բազմաթիվ նախաձեռնություններից

13:33, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Եվրոպական միության հետ  «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը գործադիրի նիստում նշեց, որ փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով հայտնել է իր աջակցությունը դրան իրականացմանը: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ ծրագրին մասնակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում` էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը:

«Այն նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել Ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին: ՓՄՁ զարգացումը կառավարության առաջայնություններից է, և մենք անընդհատ փորձում ենք ոլորտը զարգացնելու ուղղությամբ նոր նախաձեռնություններ իրագործել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ, ինչը լուրջ աջակցություն կլինի:


© 2009 ARMENPRESS.am