Իսրայելական օդանավը սիրիական գյուղ է ռմբակոծել

19:29, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական կործանիչը հուլիսի 29-ին ռմբակոծել է Սիրիայում Կունեյտրա նահանգի գյուղերից մեկը: Տեղեկություններ են ստացվել, որ ազգային պաշտպանական ուժերի 2 անդամներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսրայելական կործանիչները ռմբակոծել են Հադեր գյուղի մոտ ազգային պաշտպանական ուժերի մեքենան: Սիրիական ընդդիմադիր աղբյուրների տեղեկացմամբ՝ զոհվել է 5 մարդ, որոնց թվում լիբանանյան «Հըզբոլլահի» անդամներ կան:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ բանակի ստորաբաժանումներից մեկը ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել, որը փորձել է ներթափանցել Հադերի մերձակայքում գտնվող գյուղ:

Հադեր գյուղում հունիսի 17-ից անդադար մարտեր են ընթանում: Գյուղը շրջափակել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները:

Սիրիական Կունեյտրա նահանգը և սիրիական Գոլանն առաջին անգամը չէ, որ ենթարկվում են իսրայելական ռմբակոծության: Ապրիլի 25-ին Իսրայելը ռմբակոծել էր սիրիական բանակի դիրքերը Կալամունի լեռներում՝ սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում:


© 2009 ARMENPRESS.am