ՀՀ ՊՆ-ում քննարկվել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստումը

19:15, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մի շարք գերատեսչությունների և զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է անել առավելագույնը զորավարժության նախապատրաստական փուլն ըստ պատշաճի և սահմանված ժամանակացույցի շրջանակներում անցկացնելու ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am